Արմինֆո.Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդը: Սա բանկային համակարգում եզակի ավանդատեսակ է, որի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
««Կոնվերս 25»-ը ներդրման 25-ամսյա ժամկետով ավանդ է, որի 13-րդ ամսից գործում է ավելի բարձր տոկոսադրույք, քան ներդրման առաջին տարում: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ներդրման պահին գործած (1-12 ամիսների համար) տոկոսադրույքի հիման վրա: Սրանք այս ավանդատեսակի հիմնական առավելություններն են մյուս նմանատիպ առաջարկների համեմատ»,- ասացին Կոնվերս Բանկում:
Որպես «Կոնվերս 25»-ի այլ առավելություններ նշվեցին ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:
Նշվեց նաև, որ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ Բանկն առաջիկայում հանդես կգա նոր շահավետ առաջարկներով:
Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Կոնվերս Բանկի կայքում https://www.conversebank.am/hy/converse25/ հասցեով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հուլիսի 1-ի տվյալների, ժամկետային ավանդների պորտֆելով Կոնվերս բանկը գտնվում է առաջատար հնգյակում, 112 մլրդ դրամ ($ 232,2 մլն) ծավալով, տարեկան աճը` 21.5%, իսկ ընդհանուր շուկայի պորտֆելի 2,7% աճով: Կոնվերս Բանկի ժամկետային ավանդների պորտֆելում ֆիզիկական անձանց ավանդները կազմում են 47,4%, բացարձակ մեծության տարեկան 6% աճով: Շուկայի ընդհանուր ժամկետային ավանդների ծավալներում Կոնվերս Բանկի մասնաբաժինը կազմել է 6.4%, իսկ բանկի ստանձնած ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդները կազմում են 51%:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում: