Արմինֆո.Հայաստանի տարածքում չկան ոչ ամերիկյան, ոչ էլ որևէ այլ երկրի լաբորատորիաներ: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե ռուսաստանցի փորձագետները Հայաստանի տարածքում, այսպես կոչված, կենսալաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն են ստացել:
«Բոլոր այդ լաբորատորիաները գործում են Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո, և այնտեղ աշխատում են միայն մեր քաղաքացիներ: Այո, ռուսաստանցի փորձագետները եղել են այդ լաբորատորիաներում` 2017 թվականից սկսած, և դա լիովին համահունչ է հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում բացվել էր երեք լաբորատորիա: Դրանց բացումից հետո հայկական և ռուսական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե այդ լաբորատորիաները կարող են օգտագործվել կենսաբանական զենքի ստեղծման և արտադրության համար: ԱՄՆ հայտարարեց ռեֆերենս լաբորատորիաների քաղաքացիական նշանակության մասին, սակայն դրանց երկակի նշանակության վերաբերյալ տեղեկատվությունն աշխուժորեն շարունակվում է շրջանառվել հայկական ԶԼՄ-ներում: Հայաստանում ռեֆերենս լաբորատորիաների ստեղծման համար ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հատկացրել էր շուրջ 15,5 մլն դոլար, որից, ըստ բաց աղբյուրների, 4,1 մլն դոլար ներդրվել է ՀՀ գյուղնախարարության առանձնապես վտանգավոր պաթոգենների համար սննդամթերքի անվտանգության բաժնի ռեֆերենս լաբորատորիայի կառուցման համար, 9,8 մլն դոլար` Երևանում Վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայի վերանորոգման, և 1,7 մլն դոլար` նոր սարքավորում և կահույք ձեռք բերելու համար: