Արմինֆո.ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկավության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև ջերմորեն Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր մակարդակի պատվիրակություններին:
Մուսա Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջև հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը:
Զրուցակիցները կարևորել են գագաթաժողովի շրջանակում բիզնես ֆորումի անցկացումը, որը նոր ազդակ կհաղորդի նաև գործարար կապերի ընդլայնմանը: