Արմինֆո. Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշն արտահերթ խոհրդարանական ընտրություններում պետք է իջնի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
<Տեսականորեն խորհրդարանական ընտրություններին վարկանիշը չի կարող այդքան բարձր լինել: Բայց բոլոր ընտրություններն իրենց թեմատիկան ունեն: Այդ պատճառով, Աստված տա, որպեսզի Հայաստանում ընտրություններին չլինի բացառիկ իրավիճակ, որը կարող է ազդել ցուցանիշների վրա>,- ասել է փորձագետը՝ ավելացնելով, որ պետք չէ մոռանալ այն մասին, որ որքան շատ է կուսակցությունը մնում իշխանությունում, այնքան ավելի շատ խնդիրներ և դժգոհություններ են ծագում:
Այն հարցին, թե որքանով է այսօր ակտուալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում՝ հաշվի առնելով, որ գործող վարչապետն առանց այդ էլ ունի իշխանության բոլոր լծակները՝ Ցինկերը նշել է, որ, այսօր խորհրդարանում բոլոր որոշումներն, իրոք, անարգել են անցնում, և Հայաստանի հանրապետական կուսակցությունը որևէ խոչընդոտ չի ստեղծում այդ ճանապարհին: <Ինչու են նրանք դա անում՝չեմ կարող ասել, չեմ զրուցել նրանց հետ: Բայց այսօր գոյություն ունեցող այդ կախյալ վիճակը վտանգավոր է, քանի որ կոալիցիան, որն աջակցում է վարչապետին, մի օր, ամենայն հավանականությամբ՝ ամենաանհարմար պահի, կարող է հրաժարվել աջակցելուց և իր խաղը սկսել>,- նշել է Ցինկերը
Ցինկերը նշել է, որ այս առումով Փաշինյանը երկու ելք ունի՝ կամ Սահմանադրության փոփոխություն՝ հարմարեցնելով իրեն, կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: <Սահմանադրությունն իր համար ձևելը գեղեցիկ չէր լինի, այդ պատճառով կախյալ վիճակին լուծում տալու համար մնում է երկրորդ ճանապարհը: Եվ այդ առնչությամբ Փաշինյանի ցանկությունները լիովին հասկանալի են>,- նշել է Ցինկերը:
Նա չի համաձայնել նաև այն հավաստմանը, որ Երևանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձը են: <Ես համաձայն չեմ այդ պնդմանը, քանի որ կլինի ուժերի միանգամայն այլ դասավորությունը: Խորհրդարանական ընտրություններին մտադիր է մասնակցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դեռ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի ՀՀԿ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Դեռ պարզ չէ, թե ինչպես է նա համատեղելու քաղաքական գործունեությունն այն դատական գործընթացի հետ, որը տարվում է նրա նկատմամբ: Խորհրդարանական ընտրություններում պայքարն էլ ավելի թեժ կլինի: Այդ ընտրությունները, ավելի շուտ, գործող վարչապետին աջակցության ստուգման լակմուսի թուղթ են>,- գտնում է փորձագետը:
Նա նաև չի բացառել մինչև ընթացիկ տարվա վերջը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: