Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք ուղևորվելու ճանապարհին, Facbook-յան ուղիղ եթերով մեկնաբանել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համեմատաբար ցածր ցուցանիշը:
Փաշինյանի խոսքով, դա բացատրվում է այն բանով, որ, ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների, գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա:
<Նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը 1-2 տոկոսով ավելի քիչ է>,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն:
<Այս ընտրությունները բացառիկ են այն բանով, որ քաղաքացիների որոշումն է լինելու վճռորոշ>,- հայտարարել է Փաշինյանը: Միաժամանակ վարչապետը համոզմունք է հայտնել, որ ընտրական գործընթացը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում:
Նշենք, որ, ԿԸՀ համաձայն, Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 201268 ընտրող կամ ընտրողների 23,72 տոկոսը։ Ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի Երևանի 843343 բնակիչ: 2017 թ. մայիսի 14-ի ընտրություններին այդ ցուցանիշը նույն պահի դրությամբ կազմել է 25,4%: