Արմինֆո.«Ես քվեարկեցի հանուն Երևանի փայլուն ապագայի՚, - լրագրողներին հաղորդել է «Երևանցիներ՚ դաշինքից քաղաքապետի պաշտոնի թեկնածու Արարատ Զուրաբյանը` ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո:
Զուրաբյանի ասելով, այսօր ընտրարշավը որակապես տարբերվում է նախորդներից, և երևանցիների համար հասկանալի է, որ նախկինում կիրառված մեխանիզմներն այս ընտրություններում չեն անցնի: Նա բոլորին շնորհավորել է, այսօրվա ընտրությունները որակելով աննախադեպ, քանի որ ընտրատեղամասերի առջև այլևս չկան կեղծարարների կուտակումներ:
Անդրադառնալով Աջափնյակի միջադեպին` քաղաքական գործիչը հայտարարել է, որ ոստիկանությունը յուրաքանչյուր չստուգված զանգի հրապարակման համար առիթ չպետք է տա: Նրա կարծիքով, տեղի է ունեցել թյուրիմացություն, քանի որ ակնհայտ է, որ բոլոր ուժերը հստակ հասկանում էին, որ այս ընտրություններում կաշառքը չի անցնելու: «Եվ այդ մասին գիտեր յուրաքանչյուր դաշինք, կուսակցություն, թեկնածու՚, - հայտարարել է Արարատ Զուրաբյանը: