Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին: Այդ մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի նախօրեի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Անկախության տոնին նվիրված միջոցառումներին:
<Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն: Ռոբերտ Քոչարյանը, ինչպես պարզ դարձավ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունից, ենթարկվել է քաղաքական հետապնդման: Այժմ այդ հրավերով իշխանությունները փորձում են ազգային համերաշխության պատրանք ստեղծել>,- հայտարարել է Սողոմոնյանը:
Անկախության տոնին նվիրված միջոցառումներին ՀՀ առաջին և երրորդ նախագահների մասնակցության հնարավորությունը ճշտելու ԱրմԻնֆո-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Նշենք, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը երբեք Անկախության տոնին նվիրված հանդիսություններին չի մասնակցել: