Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաձգել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցության շրջանակում իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում քվեարկելու համար:
Այդ մասին նա հայտարարել է նախօրեին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում` Արցախից Երևան ուղևորվելիս: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ավագանու խորհրդի առաջիկա ընտությունները շատ կարևոր քաղաքականմ նշանակություն ունեն: Նա ողջունել է Երևանի քաղաքապետի պաշտոնի «Իմ քայլը՚ դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, որը, Փաշինյանի համոզմամբ, ի զորու է լուծել Քաղաքի բոլոր խնդիրները: «Սրանք առաջին ընտրություններն են թավշյա հեղափոխությունից հետո, և մեր քաղաքական թիմի համար չափազանց կարևոր է յուաքանչյուր ընտրողի ձայնը՚, - հայտարարել է նա` բոլորին կոչ անելով սեպտեմբերի 23-ին, մասնակցել ընտրություններին:
Վարչապետի ասելով, յուրաքանչյուր ձայնի կարևորությունն ընդգծելու նպատակով ինքը որոշել է հետաձգել իր այցն ԱՄՆ «Ես պետք է մեկնեմ, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնամ: Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ու դրանից հետո մեկնեմ Նյու Յորք: Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,- շեշտեց Փաշինյանը: ՀՀ վարչապետը կոչ արեց սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը այս քվեարկությունը այս աստիճան կարևորի, որովհետև դա լինելու է հեղափոխության քաղաքական ինստիտուտուցիոնալացման ամենակարևոր գործընթացը»,- ասել է Փաշինյանը: