Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակն է՝ <փակել> բոլոր նրանց, ովքեր հանցագործություն են կատարել 2008 թ. մարտի 1-ի ժամանակ: Այդ մասին սեպտեմբերի 13-ին <Շանթ-2018> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին իրեն քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ:
Մեկնաբանելով անվտանգության աշխատակիցներին զինաթափելու ուղղությամբ իրավապահների վերջին գործողություններին՝ Փաշինյանը հայտարարել է, որ <գործողություններ>, իրոք, իրականացվել են. մի մասի վերաբերյալ արդեն տեղեկություններ հրապարակվել են: <Մնացած գործողությունների մասին կտեղեկացվի՝ ըստ անհրաժեշտության>,- ամփոփել է նա:
Նշենք, որ Քոչարյանը նախօրեին իր հարցազրույցում, անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցին, հայտարարել էր. <Մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել>:
Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունում քննարկվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարունյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնք մեղադրվում են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար: Գաղտնալսված և հրապարակված հեռախոսազրույցում Վանեցյանը, մասնավորապես, խոստովանում է, որ իրեն զանգահարել է դատավորը, որը պետք է կալանավորման մասին որոշում կայացներ: Խոսքը վերաբերում է դատավոր Վաչե Մարգարյանին, ում նախագահությամբ քննարկվել է Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կալաքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե: