Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստի առնչությամբ Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով` արդարադատության իրականացմանը խորչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով:
Այդ մասին որոշում է կայացվել այսօր ԱԺ արտահերթ նիստում` 47 «կողմ՚ ձայնով: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են, հիմնականում ՀՀԿ պատգամավորները, «դեմ՚` «Ելք՚ դաշինքի պատգամավորները: ԱԺ որոշման համաձայն, քննիչ հանձնաժողովում ընդգրկվելու է 11 անդամ` ՀՀԿ 5 պատգամավոր, «Ծառուկյան՚ դաշինքի 3 պատգամավոր, «Ելք՚ դաշինքի 2 և ՀՅԴ 1 պատգամավոր:
Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունում քննարկվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնք մեղադրվում են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար:
Գաղտնալսված և հրապարակված հեռախոսազրույցում Վանեցյանը, մասնավորապես, խոստովանում է, որ իրեն զանգահարել է դատավորը, որը պետք է կալանավորման մասին որոշում կայացներ: Խոսքը վերաբերում է դատավոր Վաչե Մարգարյանին, ում նախագահությամբ քննարկվել է Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: