Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին ուժերի հետք չի տեսնում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման գործում: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում:
Վարչապետի խոսքով, <կարճ ժամկետներում դավադիրներին գտնեկու և պատասխանատվության ենթարկելու> իր հանձնարարականի համաձայն՝ ոստիկանապետը և ԱԱԾ տնօրենն արդեն հանդես են եկել զեկույցներով: <Ամեն ինչ կարգին է>,- հայտարարել է նա՝ ձեռնպահ մնալով ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնելուց:
Նախօրեին համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության ձայնագրությունը: Նրանք 8 րոպե տևողությամբ խոսակցության ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ձերբակալությունը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը: Երեքն էլ, հիշեցնենք, մեղադրվում են 2008 թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանել է գաղտնալսված զրույցի ձայնագրությունը:
<Իհարկե, կարելի է մեկնաբանել ողջ խոսակցությունը: Ասել, թե ինչ է ասվել և ինչու: Բայց խնդիրն այլ է: Ինչ-որ մեկը գաղտնալսել է ԱԱԾ տնօրենին, արդյո՞ք նա ուներ դրա օրինական իրավունքը>,-հարցրել է Փաշինյանը: Նրա խոսքով, խոսակցությունը կարող էր գաղտնալսվել քաղաքական սաբոտաժի նպատակով:
<Մարտի 1-ին մարդկանց սպանությունների համար բոլոր մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն: Կոռուպցիոներներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Խաչատրյանը, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյանը զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է, այդ պատճառով տարբեր քայլերի են դիմում>,- հայտարարել է Փաշինյանը:
Հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները հաստատել են ձայնագրության իսկությունը՝ համարելով դա քննությանը խանգարելու <խղճուկ փորձ>: <Ժողովրդից թալանված միլիարդավոր դոլարները կվերադարձվեն>,-հավաստիացրել են նրանք: Արդեն երեկոյան Երևանի վաագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումն անվանել է պետականության նկատմամբ հանցագործություն>: