Արմինֆո.<Մենք չենք ցանկանում քաղաքականացնել Երևանի ավագանու ընտրությունները, բայց թող ոչ ոք չկասկածի, որ մենք կարող ենք դա անել, և այդ դեպքում ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժի չի կարողանա դիմակայել մեզ>: Այդ մասին երևանցիների հետ հանդիպմանը հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ որում, նա նշել է, որ ԲՀԿ-ն չի ցանկանում քաղաքական երանգ հաղորդել նախընտրական արշավին, քանի որ երևանցիներին ավելի շատ հուզում են տրանսպորտի, աղբահանության, վթարված վերելակների հետ կապված խնդիրները: <Բայց հավաստիացնում եմ ձեզ՝ <մեր դեմ խաղ չկա> սկզբունքով առաջնորդվող քաղաքական ուժերը, ինչպես փորձն է ցույց տալիս, երկար կյանք չեն ունենում: Բացի այդ, որևէ քաղաքական ուժ իրավունք չունի խոսելժողովրդի անունից. Ժողովրդի անունից կարող է խոսել միայն ժողովուրդը>,- նշել է նա:
Զոհրաբյանը հայտարարել է նաև, որ բաժանելով հասարակությանը <սպիտակների և սևերի>՝ հնարավոր չէ հասնել վերջինիս բարեկեցությանը, քանի որ հավանական ներդրողները միջոցներ չեն ներդնում մշտական տուրբուլենտության մեջ գտնվող երկրներում:
<Վերջին տարիներին մենք պայքարել ենք Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի դեմ, և եթե այսօր հայտնվել է քաղաքական ուժ, որը ցանկանում է մենաշնորհել իշխանությունը, նշանակում է՝ վերջինիս նպատակներն ազնիվ չեն եղել, հեղափոխությունը հիմնված չի եղել <սիրո և հանդուրժողականության> վրա>,- հայտարարել է Զոհրաբյանը:
Բացի այդ, նա կոչ է արել երևանցիներին չհավատալ քաղաքական ուժերին, որոնք պնդում են, որ երբեք սխալներ թույլ չեն տվել: <Բայց կարող եմ մեկ բան ասել՝ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության վրա արյուն և թալան չկա>, հավաստիացրել է Զոհրաբյանը: