Արմինֆո.Ս.թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այցելեցին Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝ վարչապետերն այցելեցին Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացան հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:
Վարչապետերը կանգ առան նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն մասնակցեցին նաև անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնացման դրվեցին ի պատիվ երկու վարչապետերի այցի:
Վարչապետերը նաև եղան ԱՐԱՐԱՏ թանգարանի գանձարանում, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ԱՐԱՐԱՏ կոնյակի բացառիկ հավաքածուն:
ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջատար Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին: