
Արմինֆո. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել է Հայաստանին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 10-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների համաձայն մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, մասնավորապես, ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով: Նախ և առաջ ուզում եմ ողջունել և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն աչքի են ընկնում իրեն հյուրընկալությամբ, և դրա հստակ ապացույցն այս օրն է:
Այս տարի և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը նշում են Անկախության հռչակման 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիները և հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին և մարտահրավերներին, դրսևորեցին մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը, և այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում: Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջև:
Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել: Հավատում եմ, որ մեր միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, և մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են:
Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները և ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր և համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով:
Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր և կարևոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առևտրատնտեսական ուղղությամբ:
Միևնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի և այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ: Եվ միևնույն ժամանակ ողջունում ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ակտիվացումը: Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան և միևնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը>: