Արմինֆո.Պաշտոնական Երևանը ռուսաստանցի մասնագետներին թույլատրել է մուտք գործել Հայաստանում գործող կենսալաբորատորիաներ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Կոմերսանտի» հետ հարցազրույցում:
Նրա ասելով, կենսալաբորատորիաների հարցում կողմերն զգալիորեն առաջ են ընթացել: «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուսաստանցի մասնագետներն այդ լաբորատորիաներ մուտքի թույլտվություն են ստացել՚, - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը: «Այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո: Մենք պատրաստ ենք համագործակցության: Ռուսաստանցի մասնագետներն արդեն եղել են այնտեղ և համոզվել, որ այդ լաբորատորիաներում սարսափելի ոչինչ չկա՚, - ասել է Հայաստանի վարչապետը, հավելելով, որ դրանք շատ լավ որակի օբյեկտներ են: «Ես կարծում եմ` շատ լավ է, որ մենք նման որակի լաբորատորիաներ ունենք: Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք ռուսաստանցի մասնագետներին հրավիրում ենք և պատրաստ ենք քննարկել դրանց համատեղ օգտագործման հարցը՚, - ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում բացվել էին նման լաբորատորիաներ: Դրանց բացումից հետո հայկական և ռուսական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե այդ լաբորատորիաները կարող են օգտագործվել կենսաբանական զենքի ստեղծման և արտադրության համար: ԱՄՆ հայտարարեց ռեֆերենս լաբորատորիաների քաղաքացիական նշանակության մասին, սակայն դրանց երկակի նշանակության վերաբերյալ տեղեկատվությունն աշխուժորեն շարունակվում է շրջանառվել հայկական ԶԼՄ-ներում: Հայաստանում ռեֆերենս լաբորատորիաների ստեղծման համար ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հատկացրել էր շուրջ 15,5 մլն դոլար, որից, ըստ բաց աղբյուրների, 4,1 մլն դոլար ներդրվել է ՀՀ գյուղնախարարության առանձնապես վտանգավոր պաթոգենների համար սննդամթերքի անվտանգության բաժնի ռեֆերենս լաբորատորիայի կառուցման համար, 9,8 մլն դոլար` Երևանում Վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայի վերանորոգման, և 1,7 մլն դոլար` նոր սարքավորում և կահույք ձեռք բրելու համար: