Արմինֆո. Իսկական հեղափոխականները, ոչ թե նրանք, ովքեր, պարզապես, ձգտում են իշխանության` ժողովրդական շարժման ալիքի վրա, պետք է առաջին հերթին լայն համաներում հայտարարեին, առաջին հերթին, այն կալանավորների նկատմամբ, ովքեր կալանավորվել են հենց հեղափոխական գործունեության առնչությամբ: Այդ մասին «Վարդաշեն՚ ՔԿՀ-ում իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շանթ Հարությունյանը, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել իշխանության ներկայացուցչին բռնի դիմադրություն ցուց տալու համար:
Նրա ասելով, ներկա իշխանությունները երկու հարմար առիթ ունեին համաներում հայտարարելու` Առաջին Հանրապետության օրը` մայիսի 28-ը, և սեպտեմբերի 21-ը` ՀՀ անկախության օրը, սակայն համաներման մասին առայժմ խոսք չկա: Այդուհանդերձ, նա երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին` իրեն կալանավայրում ասուլիսի հնարավորություն ընձեռելու համար, քանի որ նախորդ իշխանության օրոք նման հնարավորություն չի տրվել:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Շանթ Հարությունյանին առաջարկել է փոխել նրա խափանման միջոցը, սակայն վերջինը հրաժարվել է` պահանջելով արդարացում: Փաշինյանը մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող նախորդ իշխանությունների նման կարգադրել դատարաններին: Այդուհանդերձ, «Սասնա ծռեր՚ կուսակցության նախաձեռնող խումբն ու «Ժառանգություն՚ կուսակցությունը կոչ են արել արդարացնել Շանթ Հարությունյանին, ինչի համար կան բոլոր իրավական հիմքերը: