


Արմինֆո. Այն փաստը, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ձևաչափը երկկողմանի է, խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ ունեն հանդիպելու ցանկություն: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշել է, որ դեպքեր են եղել, երբ հայ պաշտոնյաները Մոսկվա են մեկնել, բայց այդպես էլ չեն կարողացել հանդիպել իրենց ռուս գործընկերների հետ: «Լիովին նորմալ է, որ այս ընթացքում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցավ 2 հանդիպում: Այդ ընթացքում, կողմերն ուսումնասիրել են տարբեր իրավիճակային խնդիրներ», - ասել է Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորների քննադատությանը, կապված Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունների հետ, Սիմոնյանը հայտարարել է. «Քաղաքական ուժը, որը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին տեղեկանում է մամուլից, իրավունք չունի խոսելու դիվանագիտության մասին: Հայաստանը Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ և Եվրոպայի հետ կառուցում է շատ ճիշտ, գործընկերային հարաբերություններ»:
Ի հակադրություն Սիմոնյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է հայտնվել: «Սակայն, ես կարծում եմ, որ մեր ռազմավարական հարաբերություններն այնքան կարևոր են երկու երկրների համար, որ բոլոր խնդիրները կհարթվեն: Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ Փաշինյանը-Պուտին հանդիպման ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն: Դա մեզ համար կարող է ունենալ կարևոր նշանակություն», - ընդգծել է Ռուստամյանը:
Այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն ունի ղարաբաղյան կարգավորման հայեցակարգ, Ռուստամյանը պատասխանել է. «Կարծում եմ, այս հանդիպմանը պետք է քննարկվեն պատերազմը կանխելու ուղիները, ինչպես նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որոնց կատարումից Ադրբեջանը փորձում է խուսափել, հաշվի առնելով փոփոխությունները Հայաստանում: Մենք պետք է նշենք, որ հանդես ենք գալիս բանակցային գործընթացը շարունակելու օգտին, ընդ որում, երկու պայմանով` հրադադարի ռեժիմի լիակատար պահպանում և Արցախի պարտադիր ներգրավումը բանակցություններին», - ասել է Ռուստամյանը:



