Արմինֆո. Ընտրակաշառքի համար պատիժը խստացնող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
Չնայած դրան՝ <Հայաստանի հանրապետական կուսակցություն> խմբակցությունը և <Ծառուկյան դաշինքը> քննադատության են ենթարկել փաստաթուղթը: Խմբակցությունների ներկայացուցիչները նշել են, որ կառավարությունը պետք է շտկումներ կատարի օրինագծում: Պատգամավորները հայտարարել են, որ օրինագծում շատ են անհասկանալի արտահայտությունները և որոշ դրույթներ հակասում են քրեական իրավունքի բուն էությանը:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, նախկին գլխավոր դատախազ, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ իրավական տեսակետից օրինագիծը լուրջ վտանգներ է պարունակում: < Անթույլատրելի է մարդկանց 3 տարի ազատազրման դատապարտել միայն որևէ խմբակցության կամ կուսակցության օգտին քվեարկելու խոստման համար>,- ընդգծել է Կոստանյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես հայտարարել էր, որ անթույլատրելի է ներկայացնել թերի փաստաթուղթ, որը արդյուքնում կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան լուծել դրանք: Շարմազանովն անդրադարձել է նաև <Ելք> դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանն այն մասին, որ խորհրդարանում կան մարդիկ, ովքեր ընտրակաշառքներ են բաժանել. <Ըստ էության, դուք հանցանքի մասին հաղորդում եք տվել, նշեք կոնկրետ անուններ>,- կոչ է արել նա:
Թեմային անդրադարձել է նաև <Ծառուկյան դաշինք> խմբակցությունից պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նույնպես մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ մարդուն, ով ընդամենը խոստում է տվել քվեարկել որևէ քաղաքական ուժի օգտին, կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Պատգամավորի խոսքով, տվյալ դեպքում փաստորեն հավասարության նշան է դրվում կաշառք տալու և այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու խոստման միջև: