Արմինֆո. Սեպտեմբերի 5-ին Աստանում կայացել է «Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը՚ տարածաշրջանային խորհրդաժողովը, որում Հայաստանը ներկայացրել է առաջին տիկին Նունե Սարգսյանը:
Խորհրդաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ողջույնի խոսքում ընդգծվել է կանանց դերն արդի աշխարհում և նրանց անգնահատելի ավանդը բազմաթիվ քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման, հակամարտությունների կարգավորման, խաղաղության և անվտանգության պահպանման, հասարակության կենսապայմանների բարելավման գործում: Ղազախստանի նախագահն իր խոսքում նաև նշել է, թե, որպես ՄԱԿ ԱԽ անդամ, իր երկիրը հատուկ ուշադրություն է դարձնում Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում անվտանգության ապահովմանը: Այդ գործընթացում կարևորագույն նշանակություն ունի Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների մեծացումը: Ղազախստանի ղեկավարի կարծիքով, Աստանայի խորհրդաժողովի նման միջազգային հարթակների ներուժը թույլ է տալիս միավորել միջազգային ողջ հանրության ջանքերը և, հաշվի առնելով կարծիքների լայն սպեկտրը, քննարկել ընթացիկ և հեռանկարային աշխատանքի առավել նշանակալի հարցերը:
Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդռահմանովն իր ելույթում ընդգծել է, որ Ղազախստանը պատրաստ է լիակատար համագործակցել Աֆղանստանում խաղաղ գործընթացի և վերականգման ուղղությամբ: «Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Ղազախստանը ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ ներկայացնում է ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլև Աֆղանստանը, առաջխաղացնելով այդ երկրի շահերն իր գործընկերների շրջանում» - հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը:
Բացման հանդիսավոր արարողությանը հանդես են եկել նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թավաքյուլ Քարմանը, Ուզբեկստանի փոխվարչապետ Թանզիլյա Նարբաևան, Ղրղզստանի փոխվարչապետ Ալթինայ Օմուրբեկովան, Աֆղանստանի կանանց հարցերի նախարար Դելբար Նաջարին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Նատալիա Գերմանը, ինչպես նաև ներկայացվել է ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփի տեսագրությունը:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պատվիրակություններ Ռուսաստանից, Եվրոպական Միությունից, Հնդկաստանից, Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Աֆղանստանից և Միավորված ազգերի կազմակերպությունից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից և Կովկասից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը`Նունե Սարգսյանը: