Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել պարզաբանմամբ այսօր ֆրենչայզինգի համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության առնչությամբ` դեսպանի խոսքի սխալ մեկնաբանության հետագա տարածումը կանխելու ակնկալիքով:
ԱՄՆ դեսպանությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով «Վերջին օրերին, վերջին շրջանում հաճախ կարելի է Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ լսել: Չե՞ք կարծում որ դա ճնշում է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նկատի ունեմ Լավրովի հայտարարությունները և այլ՚ հարցին, դեսպան Միլսն ասել է. «Տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները: Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին՚: Դեսանատան հաղորդագրության համաձայն, այդ նախադասության բառացի թարգմանությունը հետևյալն է. « Ռուսաստանի կառավարության մեկնաբանություններին արձագանքելը Հայաստանի կառավարության գործն է՚:
Դեսպանը նաև նշել է. «Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի և կարևոր է որ այս քննությունը իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակում՚:
Անդրադառնալով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն ու առկա խոչընդոտներին առնչվող հարցին` ԱՄՆ դեսպանն ասել է. «Այսօր մենք այստեղ ենք մեկ կարևոր զարգացում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ հարկի տակ են հավաքվում ամերիկյան ֆրանշիզային ընկերությունները և հայկական ներդրողները: Սա նշանակում է, որ մենք հավատացած ենք, որ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան բիզնեսի, հայկական բիզնեսի համար այստեղ միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար: Այսօր այս համաժողովին Հայաստանից մասնակցում են 50-ից ավելի բիզնեսի և կառավարության ներկայացուցիչներ և մի քանի խոշոր ամերիկյան բիզնեսներ, և նրանք այստեղ են միմյանց հետ խոսելու համատեղ ֆրանշիզային գործունեություն ծավալելու հարցերի շուրջ: Ինչպես նշեցի, մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են: Եվ մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Կարող է լինել մի վատ որոշում, մի սխալ քայլ և դա կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի ձևավորման աշխատանքները՚: