Արմինֆո. Դեռ 2017 թ. Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել այն մասին, որ քննչական մարմինը չունի իրավունք որևէ անձի անձնագիրը պահել իր մոտ, եթե չկա խափանման միջոց։ Այդ մասին սեպտեմբերի 5-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Այն փաստը, որ անձնագիրը գտնվել է նրանց մոտ, օրենքի խախտում է, ինչը պետք է առաջացնի հետևանքներ՝ կարգապահական ոլորտում: Մենք կքննարկենք նաև որոշ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ուզում եմ նաև ընդգծել, որ մենք դիմել ենք քննչական մարմնին՝ պահանջելով, որպեսզի մեզ թույլ տան հրապարակել քննության որոշ էպիզոդներ՝ բնականաբար, այն չափով, որը չի հակասի քննության գաղտնիությանը: Սակայն, մեզ մերժել են»,- հայտարարել է Օրբելյանը:
Ավելին, Օրբելյանը նշել է նաև, որ Քոչարյանի փաստաբանները, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն երկրից նրա մեկնելու արգելքի վերաբերյալ քննչական մարմնի որոշումը: «Ուզում եմ ընդգծել, որ մենք դեռ չենք ստացել Հատուկ քննչական ծառայության որոշումը, բայց համարձակվում են ենթադրել, որ որևէ նոր բան այնտեղ չկա: Սակայն, քանի որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի կողմից ազատ է արձակվել սահմանադրական անձեռնմխելիության հիման վրա, նրա նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում: Փաստաթուղթը ստանալուց հետո, եթե պարզվի, որ այդ որոշումն անօրինական է, մենք կբողոքարկենք այն»,- ընդգծել է փաստաբանը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Հատկանշական է, որ ավելի վաղ Վերաքննիչ դատարանը, վերանայելով Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ազատ արձակեց նրան՝ վկայակոչելով պետության ղեկավարի անձեռնմխելիությունը և որևէ խափանման միջոց չսահմանելով երկրորդ նախագահի նկատմամբ: Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն առանց որևէ օրինական հիմնավորման առգրավել է երկրորդ նախագահի անձնագիրը, ինչի պատճառով Քոչարյանը չի կարողացել մեկնել արերկիր՝ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով: Նման քայլի անօրինականության վերաբերյալ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններից հետո արդեն ՀՔԾ-ն պոստֆակտում Քոչարյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել, որպեսզի նրան անձնագիր չտալու օրինական հիմք ունենա: