


Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում ուրույն դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Խոսելով հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների մասին՝ Միքայել Մելքումյանն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի առնչությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Դեսպանն իր հերթին կարևորել է հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը:
Միքայել Մելքումյանն ընդգծել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների միջև փոխգործակցությունն ու համատեղ աշխատանքը:
Խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին՝ կողմերն անդրադարձել են ռազմարդյունաբերական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել ոչ կառավարական մակարդակում տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Այս համատեքստում նա կարևորել է ՀՀ և ՌԴ մարզերի միջև ուղղակի առևտրատնտեսական կապերի ստեղծման անհրաժեշտությունը, հատկապես ՌԴ այն մարզերի հետ, որտեղ ապրում և աշխատում են մեր հայրենակիցները:-



