Արմինֆո. Տեսչական մարմինները որոշակի ստուգումներ է իրականացրել <Լիդիան Արմենիա> ընկերության գործունեության առնչությամբ, որոնց հիման վրա կազմել են միջանկյալ հաշվետվություն, սակայն վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է ևս մեկ փորձաքննություն անցկացնել: Այդ մասին նախօրեին Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ Քննրական կոմիտեում քրեական գործ է հարուցված Ամուլսարի հետ կապված, որի շրջանակներում պետք է փորձաքննություն իրականացվի: <Շատ կարևոր է, որ այն իրականացվի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից, որպեսզի դրա արդյունքներն անառարկելի լինեն ոչ միայն հայ հանրության, այլ նաև ընդհանրապես միջազգային հանրության համար: <Լիդիան Արմենիա> ընկերության գործունեության առնչությամբ կառավարության որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա: Մենք հիմա աշխատում ենք անառարկելի փաստեր ձեռք բերելու ուղղությամբ, բայց այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ
անառարկելի փաստեր չկան։ Կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են>,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: