


Արմինֆո. <Մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարան մեր ներկայացրած բողոքը բազմակողմանի քննելու միջնորդությամբ>,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ալումյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրել: <Սակայն, ներկայացված չորս հիմնավորումներից բավարարվել է միայն մեկը՝ անձեռնմխելիությունը: Դատարանը պետք է հաշվի առներ նաև մնացած երեք հիմնավորումները: Այդ առնչությամբ էլ դիմել ենք Վճռաբեկ դատարան>,- ընդգծել է Ալումյանը:
Նշենք, որօգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան էին ներկայացրել կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու դիմում: Վերաքննիչ դատարանը պետք է քններ երկու միջնորդություն: Առաջինը` առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին, իսկ երկրորդը` փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը`ձերբակալությունը գրավի դիմաց ազատումով փոխարինելու մասին: Սակայն, դատարանը Քոչարյանին ազատ արձակեց՝ հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը:



