Արմինֆո. Պաշտոնական Երևանը դեռևս չի հաստատում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպումը:
<Նման հայտարարությունները որպես կանոն արվում են համաձայնեցված ձևով միաժամանակ՝ հանդիպման մասնակիցների կողմից։ Պահելով կոռեկտության սահմանը, համապատասխան համաձայնության առկայության դեպքում կհայտնենք դրա մասին>,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին Բաքվի տեղեկատվությանը:
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում կարող է կայանալ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նա նշվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստի շրջանակներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացումը: «Նիստը կանցկացվի սեպտեմբերին Նյու Յորքում: Ստույգ ամսաթիվը ճշտվելու է դիվանագիտական խողովակներով>,- ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը: