


Արմինֆո. «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը: Այս մասին տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, միևնույն ժամանակ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություն չի ստեղծվել և չի ստեղծվելու։ Այսուհետ բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու:
Միաժամանակ, ՊԵԿ–ը հայտարարում է, որ Կոմիտեի կազմում ձևավորվել է 2 նոր՝ գանձումների և ձևակերպումների ստորաբաժանում, որոնք ստեղծվել են տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում օժանդակելու նպատակով: ՊԵԿ-ը նաև հայտարարում է, որ բոլոր ներմուծված ապրանքների մաքսային գործընթացներն իրականացվելու են բացառապես մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նշենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը նախկինում զբաղվում էր բեռնափոխադրումներով և փաստաթղթերի մաքսային ձևակերպմամբ, որի գործունեությունը կապվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ: Ընկերությունը պետությանը պատճառել է 7 մլն դոլարի վնաս, որից արդեն վճարել է 2 մլն դոլարը:



