Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր, НТВ հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերլուծելով Հայաստանում թավշյա հեղափոխության պատճառները:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ընդհանրապես չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացներ. <Այն ժամանակ հրապարակայնորեն քննադատել եմ այդ բարեփոխումները, և, իհարկե, նա չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր>:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկման, որ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու շանսեր չունի՝ Քոչարյանը նշել է. <Ես արդեն վերադարձել եմ: Ես 10 տարի Հայաստանի նախագահ եմ եղել: Այդ 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ աճել է, իսկ բյուջեն 8 անգամ մեծացել է: Երևանում ինչ հետաքրքիր, վերակառուցված բան եք տեսնում, բոլորը կառուցվել են այդ տարիներին: Գիտեք, ամեն տարի 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում: Իմ նախագահության սկզբում փոքր և միջին բիզնեսի բաժինը 15 տոկոսից մինչև 46 տոկոս էր հասել: ՀՆԱ-ում մասնավոր հատվածի բաժինը անցավ 80 տոկոսը: Կյանքի որակն արմատապես փոխվել էր: Եվ մենք պետք է այդ մասին հիշեցնենք: Ես 10 տարի քաղաքականությունից դուրս էի, հնարավոր է, որ ոչ բոլորն են այդ մասին հիշում: Մենք կհիշեցնենք այդ մասին: Ես կարծում եմ, այն մարդիկ, որոնք մասնակցում էին այդ ամբողջ գործընթացին՝ բիզնես էին ստեղծում և զարգացնում էին տնտեսությունը, կդառնան հենց այդ ընտրական հիմքը»:
Այն հարցին, թե Քոչարյանը մտադիր է իր կուսակցությամբ, թե կոալիցիայով հանդես գալ ընդդիմության դերում՝ Հայաստանի երկրորդ նախագահը նշել է.
«Ես հարցը բավական բաց եմ թողել: Ես հասկանում եմ, որ կարող եմ լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել այն մարդկանց համար, ովքեր տեսնում են ներկայիս խնդիրները»: