Արմինֆո. Հայաստանը կօգտվի վետոյի իրավունքից, եթե Ադրբեջանը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնի: Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ թե ՀԱՊԿ-ում, թե ԵԱՏՄ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, և Հայաստանը բազմիցս տարբեր մակարդակներով իր կատեգորիկ դիրքորոշումն է հայտնել այդ հարցի առնչությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է այսօր գտնվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը՝ Նաղդալյանն ասել է. <Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, որին հաջորդել են տարբեր մակարդակներով խորհրդակցություններ: Այդ հարցի առնչությամբ որոշում կընդունվի կոնսենսուսի հիման վրա: Հենց որ վերջնական որոշում կայացվի, մենք կհայտնենք ձեզ: Մինչ այդ կոռեկտ չեմ համարում ինչ-որ բան ասել>: