


Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի հարևանությամբ բախում է տեղի ունեցել հանքարդյունաբերողների և հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև:
«Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները: Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական»,-հաղորդում է ոստիկանություն, կողմերին կոչ անելով չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարվել է մինչև նոր փորձաքննությունը չիրականացնել գործունեություն, ընկերության աշխատակիցները հավաքվեցին Ամուլսարի տարածքում, որտեղ նրանց ճանապարհը փակողների միջև տեղի է ունեցել բախում:



