Արմինֆո. Ռուսաստանի և Բելառուսի նախագահները Սոչիում հանդիպմանը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը: Այդ մասին Բելառուս 1 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Լուկաշենկոն:
< Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով անդրադարձել ենք ՀԱՊԿ-ի հարցերին և Խաչատուրովի կալանավորմանը Հայաստանում: Մենք ժամանակին այլ թեկնածուներ էինք առաջարկել: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այսօր բոլորն ընդունում են՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս թեման քննարկելիս: Մենք ավելի խորն ենք նայել այս հարցին՝ Հայաստանի նոր ղեկավարության տեսանկյունից՝ այն քաղաքականության, որ վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում, ինչպես նաև գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները>, - նշել է Բելառուսի ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը: