Արմինֆո.Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեդիամագնատ է դառնում: Այդ մասին գրում են ինչպես հայկական ԶԼՄ-ները, այնպես էլ՝ սոցիալական ցանցերի <իրազեկ> օգտատերերը:
Այդ տվյալների համաձայն՝ Քոչարյանը գնել է Արարատ, ԱրմՆյուզ հեռուստաընկերությունները, BlogNew.am, News.am, Panorama.am լրատվական կայքերը:
<Միանշանակ պարզ է, որ Քոչարյանին ձեռնտու է ունենալ լսարան ունեցող լրատվամիջոցներ, որոնցով կփորձի հասարակական կարծիք ձեւավորել: Քոչարյանը ԶԼՄ-ների տեր դառնալու ցանկություն հայտնեց այն ընթացքում, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց: Ասել է, թե Քոչարյանը, որ փորձում է ներկայանալ որպես «քաղբանտարկյալե, որոշել է իր միլիարդները ծախսել իշխանություններին վարկաբեկելու ուղղությամբ>,-գրում է <Հայկական ժամանակ> թերթը:
ՀՀ կառավարության պետական ռեգիստրի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արարատ հեռուստաընկերության ամբողջ բաժնետոմսերն այժմ պատկանում են Արմեն Թավադյանին: Նախկինում հեռուստաընկերության սեփականատերերն են եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը՝ 67 տոկոս բաժնեմասով եւ Ալեքսանդր Հարոյանը՝ 33 տոկոս բաժնեմասով: Օգոստոսի 10-ից բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը Թավադյանն է:
Ինչ վերաբերում է Արմնյուզին, ՀՌԱՀ-ից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ այս հեռուստաընկերությունում բաժնետերերի փոփոխություն չի եղել: 100 տոկոս սեփականատեր համարվում է Արմեն Պողոսյանը:
Ռոբերտ Քոչարյանի հետ է կապվում նաեւ Հայկական երկրորդ հեռուստաալիքը և Yerevan.today կայքը: Հ2-ի բաժնետոմսերը 2003-ից պատկանում են Նատալիա Մարտինյանին եւ Սամվել Մայրապետյանին՝ յուրաքանչյուրին 50 տոկոս: ՀՌԱՀ-ից փոխանցել են, որ գործադիր տնօրենը Մայրապետյանն է: Նա Քոչարյանին հավատարիմ մարդկանցից է:
Blognews.am կայքը Միքայել Մինասյանին պատկանող ՊանԱրմենինա հոլդինգում էր, սակայն, Քոչարյանի հայտնվելուց հետո կայքը հանվեց հոլդինգի կազմից, իսկ որոշ ժամանակ անց շրջանառվեց տեղեկություն, որ այն գնվել է Քոչարյանի կողմից: Պետռեգիստրի կայքի համաձայն՝ այս լրատվամիջոցի սեփականատերը միայն Կարեն Անտինյանն է:
Panorama.am-ն էլ մինչեւ Քոչարյանի անվան հետ կապվելը պատկանում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին: Սակայն, պետռեգիստրի կայքի համաձայն՝ Panorama.am-ի սեփականատերերը շարունակում են մնալ Արա Սաղաթելյանը եւ Մարինա Մանուկյանը: Ժուռնալիստների «Ասպարեզե ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ Քոչարյանի եւ նրա թիմի ընտրած պայքարի մեթոդը հնացած է, որովհետեւ ասելիքն առանց լրատվամիջոցների էլ տեղ է հասնում շատ արագ: