Արմինֆո.Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նախօրեին «Երկիր մեդիա՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
Նրա ասելով, ինքը ողջունում է կոռուպցիայի վերացմանը նպատակաուղղված նոր կառավարության քայլերը: Սակայն, Քոչարյանի կարծիքով, տարվելով կոռուպցիայի դեմ պայքարով, կշռադատված տնտեսական քաղաքականություն չես կառուցի: Ընդ որում, նա կասկածում է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը: «Այս 3 ամսում քանի՞ դեպք է բացահայտվել, որ ապացուցի, թե բիզնեսի 50 տոկոսը պատկանում է Սաշիկին (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը), իմ կարծիքով` ոչ մի: Կանցնի ևս 3 ամիս, 1 տարի, չգիտեմ, թե արդյոք նման բացահայտումներ կլինեն՚, - հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ ոչ մի ներդնող Հայաստան չի գա և Հայաստանի տնտեսությունում միջոցներ չի ներդնի, քանի դեռ վստահ չէ, որ երկրում կա կշռադատված տնտեսական օրակարգ: Քոչարյանը նաև քննադատել է կառավարության կադրային քաղաքականությունը, որտեղ բացակայում է պրոֆեսիոնալիզմի և աշխատանքի փորձի շեշտադրումը: «Դա դասական հեղափոխական մոտեցում է՚, - ընդգծել է Քոչարյանը, հիշեցնելով, իր կառավարման տարիներին երկրի ՀՆԱ-ն 5 անգամ աճել էր:
Նա ընդսմին նշել է, որ 1998-2008 թթ. իր նախագահության օրոք կոռուպցիան այդքան վիթխարի չափերի չէր հասնում, իսկ երկրի տնտեսությունն այդքան մենաշնորհված չէր: «20 ընկերություն զբաղվում էր բանանի ներմուծմամբ, 16-17-ը` բենզինի ներկրմամբ` ի տարբերություն այսօրվա խիստ մենաշնորհված շուկայի՚, - եզրափակել է նա:
Նախկին նախագահը նաև հիշեցրել է, որ միշտ հանդես է եկել Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության քննադատությամբ, քանի որ չի կարողացել անտաբեր լինել այն երևույթների հանդեպ, որոնք սկսել են դրսևորվել երկրում, նրա տնտեսությունում: