Արմինֆո. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տվյալ փուլում ձեռնպահ է մնում մեկնաբանություններից` կապված «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ–ում խուզարկությունների հետ: «Իրականացվող գործողությունները որոշակի գաղտնիության շրջանակներում են՚,- օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:
Նրա խոսքով, խուզարկություններն անցկացվել են գիշերը, քանի որ դատարանից համապատասխան սանկցիան ուշ է ստացվել: Բացի այդ, ինչպես նշել է Անանյանը, չնայած մի շարք հրապարակումներին, դիմակավորված անձինք չեն եղել: «Նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում՚,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ գրասենյակում: Խուզարկությունների ընթացքում առգրավվել են փաստաթղթեր, ստուգվել են աշխատակիցների անձնական իրերը, ՀԿԵ նկատմամբ քրեական գործ է հարուցվել` 9,7 մլն դրամի չափով հարկեր չվճարելու փաստով: Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀԿԵ-ում, ընկերությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում միշտ գործել է բաց և թափանցիկ` Հայաստանի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, կանոնավոր անցնում է հսկող մարմինների նախատեսված բոլոր ստուգումները և մտադիր է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել երկրի իրավապահ մարմիններին ։
ՀԿԵ-ում նշել են, որ 2008 թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի համաձայն`ընկերությունը բարեհաջող իրականացնում է ակտիվների ու Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կառավարումը` դրա արդիականացման և ներհանրապետական ու միջազգային ուղևորափոխադրման և բեռնափոխադրման զարգացման նպատակով։ Կոնցեսիոն պայմանագրի գործելու ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 110 միլիարդ դրամ: ՀԿԵ-ում
կարևորում են ընկերության հարկային փոխանցումների ավելի քան կրկնակի աճը Կոնցեսիոն համաձայնագրի իրականացման արդյունքում: «Եթե 2007 թվականին Հայկական երկաթուղին 1,6 միլիարդ դրամ հարկ է վճարել, «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն 2009 թվականին վճարել է 2,9 միլիարդ դրամ, իսկ 2017 թվականին` 3,9 միլիարդ դրամ՚,- նշել են ընկերությունում:
Հատկանշական է, որ այդ միջադեպից հետո նախօրեին տեղի է ունեցել է «Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների: