Արմինֆո.Կորչեն արհեստական հերթերը Ռուսաստան-Վրաստան սահմանին: Ռուսաստանցի զբոսաշրջիկները նման հանրագրով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանրագիրը հրապարակվել է դեռ ընթացիկ տարվա հուլիսի 30-ին: «Վրաստանի հետ սահմանին ՌԴ մաքսակետն ուղղակի ծաղրում է մարդկանց: Վրացական կողմում կորցնում ես 30-40 րոպե, իսկ ռուսական անցակետում` 10 ժամ: Կորչեն արհեստական հերթերը:
Մենք մարդիկ ենք, ովքեր ցանկանում են հանգիստն անցկացնել Վրաստանում և Հայաստանում, ովքեր հարազատներ ունեն Վրաստանում և Հայաստանում: Մենք չենք ուզում ժամերով սպասել ռուսական սահմանն անցնելուն: Տվեք մեզ ճանապարհ՚,- ասվում է հանրագրում, որն արդեն ավելի քան 2500 մարդ է ստորագրել:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ` կապված «Վերին Լարս՚ անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումների հետ: «Ավելին, քայլեր են ձեռնարկում առաջացող խնդիրներն արագ լուծելու ուղղությամբ: Վերջին տվյալներով, «վերին Լարս՚ անցակետում վրացական կողմից էլեկտրոնային հերթում գրանցված է 300 մեքենա, հերթի երկարությունը կազմում է շուրջ 2,5 կմ: Ռուսական կողմից հերթի երկարությունը շուրջ 3 կմ է՚,- նշել էր Նաղդալյանը: Արդեն ավելի քան մեկ շաբաթ «Վերին Լարս՚ անցակետում հերթեր են գոյացել: Քաղաքացիներն ստիպված են մի քանի ժամ կանգնած մնալ հերթերում: