Արմինֆո.Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին՝ վերջինիս հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, շնորհավորելով Ելենա Միլոշևիչին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորեց ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը՝ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում: Երկուստեք գոհունակությամբ նշվեցին վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները և կուտակած մեծ փորձը, ինչն էլ 2016թ. սեպտեմբերին Հայաստանում Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորումի անցկացման առիթ էր դարձել:
Կողմերն ընդգծեցին, որ ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքում ՀՀ տարբեր մարզերում հազարավոր երեխաներ ապահովված են դպրոցական սննդով:
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի նպատակների մեծ մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:
Զրուցակիցներն անդրադարձան փոխշահավետ սերտ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: