Արմինֆո. Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը նախաձեռնել է երկրի խորհրդարանում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկման գործընթաց: Գործընթացի նախաձեռնողներից մեկը պատգամավոր Գարեթ Հյուգն է:
«Մենք պատրաստվում ենք ներկայացնել ճանաչման հարցը խորհրդարանում և խնդրել բոլոր պատգամավորներին աջակցել մեզ: Հայերի հետ կատարվածը վերաբերվում է յուրաքանչյուր ազգի պատմությանը», - նորզելանդացի պատգամավորի խոսքերն է փոխանցում «TVNZ» հանրային հեռուստաընկերությունը: Գարեթ Հյուգը նաև հայտարարել է, որ Նոր Զելանդիան է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915 թվականի ողբերգությունը:
Իր հերթին, Նոր Զելանդիայի հայկական կոմիտեն երկրի խորհրդարանում առաջիկայում կազմակերպելու է Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացման մտադրություն» (<Intent to Destroy>) վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: