Արմինֆո. Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին: Այդ մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը։ Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,- գրել է նա:
Նշենք, որ Ղազարյանը, ով հոգեկան խանգարումներ ունի, ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հուլիսի 15-ին: Սակայն, Բաքուն փորձել է ներկայացնել նրան՝ որպես դիվերսանտ: Ավելի քան 17 օր Ադրբեջանը, խախտելով միջազգային կոնվենցիաները, թույլ չի տվել ԿԽՄԿ ներկայացուցիչներին տեսակցել նրան և որևէ տեղեկություն չի հաղորդել նրա մասին: