Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Ռուսաստանից զենքի համար երրորդ վարկի ստացման շուրջ բանակցությունների հնարավորությունը: Այդ մասին Տոնոյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Նա ընդսմին նշել է, որ այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ չեն վարվում: Տոնոյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը զենք է ստանում ոչ միայն Ռուսաստանի ռազմական վարկի շրջանակում, այլև այն գնում է աշխարհի տարբեր երկրներից, սակայն, հրաժարվել է նշել, թե, հատկապես, որ երկրներից:
Հավելենք, որ Տոնոյանն ու ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Ֆոմինը հերքել են Ռուսաստանի հետ 100-միլիոնանոց վարկի շրջանակում Հայաստանին ռուսական զենքի մատակարարումները դադարեցնելու հնարավորության մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը: Ավելի վաղ Հայաստանն արդեն Ռուսաստանից 200 միլիոնի զենքի վարկ էր ստացել, որը, Տոնոյանի ասելով, լիովին կատարվել է: