Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին:
Խաչատրյանի խոսքով, ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, որը պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը: «Իմ կողմից՝ որպես ՀՔԾ ղեկավար, կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. այս պրոցեսը խիստ իրավական ընթացակարգերում է»,- ասել է նա:
Բացի այդ, դիմելով բոլոր նրանց, ովքեր փորձում են ներկայացնել, թե իբր մեղադրանքի որոշման մեջ կա դրույթ, որով կասկածի տակ են դրվում 2008 թ. ընտրության արդյունքները՝ Սասուն Խաչատրյանը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք կասկածի տակ չեն դնում ընտրությունների արդյունքները: «Մենք ընդամենը նշել ենք, որ այն քաղաքացիները, ովքեր ընտրության արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց՝ վերականգնելու իրենց իրավունքները»,-բացատրել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել էր նա: