Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմում են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այդ մասին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Նա ձեռնպահ է մնացել բողոքարկման հիմքերը նշելուց՝ ընդգծելով, որ որոշումը կբողոքարկվի մի քանի կետով՝ սկսած հնարավոր ընթացակարգային խախտումներից մինչև նախկին նախագահի անձեռնմխելիությունը: Բացի այդ, ինչպես նշել է փաստաբանը, դիմումի հետ միասին ներկայացվել է պատգամավորների կողմից ստորագրված փաստաթուղթ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով: Արամ Օրբելյանը նշել է, որ փաստաթղթին միացել են նաև այլ խմբակցություններ, Հայաստանի հանրապետական կուսակցությունից բացի: Թե հատկապես ով, նա հրաժարվել է ասել:
Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ արդեն Ազգային ժողովի 41 պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հանդես է եկել անձնական երաշխավորությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց փոխելու համար:
Վերաքննիչ դատարանը, ինչպես սպասվում է, ներկայացված բողոքը կքննի 10 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 2 ամսով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՔԾ միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանի ասելով, «գործը լիովին քաղաքականցված է և շինծու, զուրկ է ապացույցներից՚: