Արմինֆո.Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր։
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հաղորդել էր, որ Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի կիրառումը: Նրա ասելով, գործընթացը կսկսվի մեկ համայնքից, այնուհետև կանցնի մեկ մարզի մակարդակի, իսկ որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա պլաստիկի կիրառումն արգելվում է: «Կարծում եմ, որ առաջիկա 5-10 տարում արգելքը կգործի աշխարհի բոլոր երկրներում: Մենք չենք կարող միանգամից լիակատար արգելք կիրառել, սակայն գործընթացը մեկնարկում ենք՚, - հայտարարել էր նա, ընդգծելով, որ դրամաշնորհային միջոցներուվ կանցկացվեն մեկանգամյա պլաստիկի բազմակի օգտագործման վնասի մասին քաղաքացիներին իրազեկման միջոցառումներ, որոնք լրացուցիչ բեռ չեն դառնա պետբյուջեի համար: