Արմինֆո. Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների մատակարարումների խնդրին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա հայտնել է, որ Երևանն այդ հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում: Պատասխանելով Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների վերաբերյալ հարցին՝ Բալայանն ընդգծել է, որ այդ գործընթացները ևս Հայաստանի ուշադրության կենտրոնում են գտնվում: «Սլովակիայից մատակարարումները միջազգային օրենսդրության խախտում է: Ինչ վերաբերում է այլ երկրներին, մեր հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան ներգործության մեխանիզմներ: Մենք պնդում ենք, որ խնդրահարույց է Ադրբեջանին սպառազինության ցանկացած մատակարարում՝ հաշվի առնելով վերջինիս անկանխատեսելի պահվածքը և մարդու իրավուքնների խախտումն այդ երկրում»,- նշել է Տիգրան Բալայանը: