Արմինֆո. Յուրի Խաչատուրովին որպես քրեական գործով մեղադրյալ ներգրավելը կարող է բացասաբար անդրադառնալ ՀԱՊԿ-ում Հայաստանի հեղինակության վրա, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովի նշանակումը դժվար է տրվել՝ Բելառուսի և Ղազախստանի հակազդեցությն պատճառով, և միայն Ռուսաստանի աջակցությամբ դա հնարավոր դարձավ: «Հաշվի առնելով այդ ամենը՝ վերջին գործընթացները լրացուցիչ բարդությունների կհանգեցնեն Հայաստանի համար կազմակերպության ներսում»,- հավաստիացրել է Իսկանդարյանը:
Ըստ որում, նա ավելի նպատակահարմար է համարել սկզբում հետ կանչել Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ հետո արդեն նրան փոխարինելու գործընթաց սկսել: «Բոլոր այդ իրավական ընթացակարգերը կարող են անդամ երկրների հակազդեցությունն առաջացնել»,- նշել է փորձագետը: Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամները կարող են բացասաբար անդրադառնալ նաև Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման փաստին: «Սակայն, Հայաստանը պետք է բոլորին հստակ բացատրի, որ այդ ամենն անհրաժեշտ է դիտարկել բացառապես ներքաղաքական գործընթացների համատեքստում»,- նշել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար և միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Շենգավիթի առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին ՀՔԾ միջնորդությունը: Սակայն, քանի որ նա օգտվում է անձեռնմխելիության իրավունքից` որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց` գրավի տեսքով: