Արմինֆո.Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը , որն առնչվում է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքին, շինծու է, այդ ամենը չի կարելի անվանել այլ կերպ, քան վենդետա, քաղաքական և անձնական հետապնդում, իրավական կամայականություն և պատվեր: Ստեծված իրավիճակը հիշեցնում է 37 թիվը, իսկ քննչական մարմնի եղանակները ոչնչով չեն տարբերվում Բերիայի ժամանակների եղանակներից: Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա Հայաստանի իրավական կառույցներին շնորհավորել է, նշելով, թե Քոչարյանի նկատմամբ մինչ այդ քրեական գործ էին հարուցել Խորհրդային Ադրբեջանում: Ընդ որում, Սողոմոնյանը հավաստիացրել է, որ Քոչարյանն առաջիկայում ազատ կարձակվի և կարդարացվի, ու կասի իր ծանրակշիռ խոսքը քաղաքականությունում: «Քոչարյանն, ընդհանրապես, մեղքի զգացում չունի, քանի որ ոչ մի հանցանք չի գործել՚, - հայտարարել է Սողոմոնյանը: Նա ընդգծել է, որ փաստաբանները կպահանջեն նրա անհապաղ ազատ արձակում և քրեական գործի կարճում և մտադիր են բողոքարկել առաջադրված մեղադրանքը:
Սողոմոնյանն անհեթեթություն է համարել այն մեղադրանքը, որ Քոչարյանը փորձել է տապալել սահմանադրական կարգը, ընդգծելով, թե ոչ մի ապացույց չկա ուժային գործողությանը բանակի մասնակցության մասին: Նրա համոզմամբ, Քոչարյանի գործողությունները նպատակաուղղված են եղել սահմանադրական կարգի պահպանմանը, ինչի մասին նախօրեին հայտարարել էր ինքը` երկրորդ նախագահը:
Սողմոնյանը նաև ընդգծել է, որ քննությունն այսօր հետապնդում է ոչ թե մարտի 1-ի հանցագործությունը բացահայտելու, այլ Քոչարյանին չեզոքացնելու նպատակ: «Հակառակ դեպքում, քննությունը կզբաղվեր ոչ թե սահմանադրական կարգի գոյություն չունեցող տապալման մասին գործի կողծմամբ, այլ կձգտեր պատասխանել այն հարցին, թե ինչ հանգամանքներում են զոհվել 10 մարդիկ 2008 թվականի մարտի 1-ին: Չէ որ հանրությանն ու զոհերի հարազատներին հենց դա է հետաքրքրում՚, - նշել է Սողոմոնյանը: Նա նաև խոստացել է գործի շրջանակում բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ, քանի որ իրենք մտադիր չեն այդ ամենն այդպես թողնել: