


Արմինֆո. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցները բողոքում են Արա Մինասյանին տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ առողջապահության նախարարի որոշման դեմ: «Խնդրում ենք իշխանություններին, որպեսզի Արա Մինասյանը մնա իր պաշտոնում»,- հայտարարել են նրանք: Հիվանդանոցի կոլեկտիվին են միացել ՀՀԿ-ից պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը:
Հիվանդանոցի աշխատակիցների խոսքով, իրենք պատրաստ են մի քանի ամիս անվճար աշխատել, որպեսզի փոխհատուցեն Առողջապահության նախարարության կողմից ստուգումների ընթացքում արձանագրված՝ պետությանը հասցված վնասը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը»,- գրել էր նա՝ հայտնելով, որ նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Նշենք, որ Առողջապահության նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:
Նշենք, որ Արա Մինասյանը Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայրն է:



