Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունը չի ցանկանում մեկնաբանել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շուրջ վերջին գործընթացները, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրելը:
Կուսակցության ներկայացուցիչների այդպիսի դիրքորոշումը ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում բացատրել է այն փաստով, որ գործն իրավական հարթությունում է, և նպատակահարմար չէր լինի տվյալ փուլում հնչեցնել քաղաքական գնահատականներ, որոնք կարող են խոչընդոտել գործընթացին և դրա վրա ազդեցություն գործել: «Սպասենք քննության ավարտին՚, - առաջարկել է նա:
Ընդ որում, Նազարյանը նաև չի ցանկացել մեկնաբանել Քոչարյանի քաղաքական հայտարարությունն այն մասին, որ գործը շինծու է և հիշեցնում է քաղաքական վենդետա: «Ամեն դեպքում, Քոչարյանն այժմ մեղադրյալի կարգավիճակում է, տվյալ փուլում նրա հայտարարությունների մեկնաբանումը նպատակահարմար չեմ գտնում՚, - նշել է նա:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի՚ գործի շրջանակում երկրի սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն այժմ հետախուզման մեջ է, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը 2008 թվականին զբաղեցրել է Երևանի կայազորի ղեկավարի պաշտոնը: