Արմինֆո. 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ինչպես ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում, մեղադրանքը առաջադրվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Այժմ դատարանը քննում է նույն գործի շրջանակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը: