Արմինֆո. 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչման մասին ՀՀ սահմանադրական դատարանի որոշման և Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի միջև ընդհանուր ոչին չկա:
Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն «Ամերիկայի ձայնի՚ հետ հարցազրույցում: Նախարարը հիշեցրել է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ «Մարտի 1-ի» գործի վերաբացման ընթացքին չի հետևում, քանի որ այն իր ենթակայության տակ չէ, և այդ մասին տեղյակ է մամուլի հրապարակումներից. «Իմ կողմից կարող եմ ընդամենն ասել, որ Քոչարյանի նկատմամբ դատական գործընթացում արդարադատությունը կապահովվի՚, - նշել է Արտակ Զեյնալյանը:
Հավելենք, որ նախօրեին «Երկիր-Մեդիա՚ հեռուստաալիքին հարցազրույցում Քոչարյանը տարակուսանք էր հայտնել իրեն ներկաայցված մեղադրանքի առնչությամբ, ընդգծելով, թե սահմանադրական կարգը փորձել են տապալել ընդդիմության թեկնածուի կողմնակիցները, որը հավաքել էր ձայների 21,5 տոկոսը: Նրա համոզմամբ, մինչև իրեն մեղադրանք առաջադրելը «անհրաժեշտ էր անվավեր ճանաչել ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին ԿԸՀ և ՍԴ որոշումները՚: