Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) շենք, որտեղ ընթանում է նրա հարցաքննությունը որպես վկա` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի շրջանակում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՔԾ-ից:
Նույն գործի շրջանակում որպես վկա ՀՔԾ է ներկայացել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը:
Լրագրողներին առայժմ չի հաջողվել զրուցել Քոչայանի հետ: Իսկ ահա Խաչատուրովին հաջողվել է հարցնել, թե արդյոք մտավախություն չունի, որ քննության ընթացքում վկայի իր կարգավիճակը կարող է փոխվել մեղադրյալի կարգավիճակի, ինչին Խաչատուրովը բացասական պատասխան է տվել: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Հավելենք, որ Քոչարյանի հարցաքննությունն իր իսկ պահանջով ձայնագրվելու է ՀՔԾ աշխատակիցների կողմից, սակայն չի հրապարակվելու: Ավելի վաղ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաղորդել էր, թե Քոչարյանը վախենալու բան չունի` եթե գործընթացը լինի իրավական շրջանակներում: «Թեև գործում ի հյատ եկած նոր ձևակերպումները կասկածի տեղիք են տալիս՚, - նշել էր Սողոմոնյանը, այդուհանդերձ, հավաստիացնելով, որ Քոչարյանն ինքն է շահագրգռված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների լիակատար բացահայտմամբ, որպեսզի այսուհետև նրա անունն այդ գործում չշոշափվի:
Գործով որպես մեղադրյալ անցնում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը, սակայն, հետախուզման մեջ է: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին բանակի միջամտության ճանապարհով սահմանադրական կարգը տապալելու փորձի համար:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և իրավապահների ընդհարման արդյունքում զոհվել է 10 մարդ, վիրավորվել` 200-ը: