Արմինֆո.«Ռուսական սահմանապահ զորքերը հսկում են հայ-թուրքական սահմանը, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի փոփոխման հնարավորությանը:
«Մեզ համար շատ լավ է, որ մեր զինված ուժեր ազատված են այդ պարտականությունից։ Քանի որ մեծ ծանրաբեռնվածություն կլիներ մեզ վրա վերցնել այդ երկար սահմանի հսկողությունը»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի վերանայման հարց ռուս-հայկական հարաբերությունների օրակարգում չկա. «Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Ցավոք, իմ այդ հայտարարություններն անտեսվում են որոշ քաղաքագետների, փորձագետների կողմից»:
Ինչ վերաբերում է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանին, վարչապետի խոսքով, այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մասն է կազմում: «Մենք ունենք պայմանագրեր, և դրանց համաձայն՝ այդ ռազմակայանն ունի հստակ պարտավորություններ: Դա չի նշանակում, թե մենք որևէ խնդիր չունենք ռազմակայանի գործունեության հետ կապված, բայց ընդհանուր առմամբ ռազմակայանի առկայությունը համապատասխանում է ոչ թե իմ կամ այս կամ այն կառավարության պատկերացումներին, այլ՝ Հայաստանի Հանրապետության ազգային շահերին»,- ընդգծել է Փաշինյանը: